Մոտ 20 տարի առաջ, Խոսեպ Գվարդիոլան հանդես էր գալիս «Բարսելոնայում» և կրում թիմի ավագի թևկապը, իսկ Ժոզե Մոուրինյոն այդ ժամանակ կատալոնական ակումբում աշխատում էր որպես երկրորդ մարզիչ: Ո՞վ կարող էր պատկերացնել, որ տարիներ անց Գվարդիոլայի և Մոուրինյոյի թիմերի հանդիպումը կդառնա ամենահետաքրքիր ու ամենաանկանխատեսելի դիմակայություններից մեկը ֆուտբոլային աշխարհում: Մոուրնյոն արդեն հասցրել է մեկ անգամ ցավալի պարտության մատնել Գվարդիոլայի թիմին: «Չեմպիոնների լիգայի» 2009/10 խաղարկությունում, Մոուրինյոն, հանձինս «Ինտերի» մի թիմ էր կառուցել, որը կարողացավ կանգնեցնել վերջին տարիներին սենսացիոն ֆուտբոլ ցուցադրող «Բարսելոնային»: Նույնիսկ դժվար էր հավատալ, որ այդ «Բարսային» կարելի է հաղթել, սակայն, Մոուրինյոյի համար ֆուտբոլում չկան անհաղթահարելի մրցակիցներ:
Այս մարզիչների թիմերը աչքի են ընկնում շատ տարբեր խաղաոճերով: Մոուրինյոն իր թիմերի խաղը կառուցում է ամուր ու գրագետ պաշտպանության վրա, իսկ Գվարդիոլան՝ առաջնորդվում է «լավագույն պաշտպանությունը` հարձակումն է» կարգախոսով: Գվարդիոլան մեծ նշանակություն է տալիս իր թիմի խաղի գեղեցկությանն ու արդյունավետությանը, իսկ Մոուրինյոյի համար կարևոր է միայն արդյունքը:
Ժոզե Մոուրինյոն մարզչական առաջին դասերը անցել է Շոտլանդիայում: Դասընթացների ավարտից հետո, պորտուգալացին վերադառնալով հայրենիք, սկսել է մարզչական գործունեությունը: Նրա առաջին ակումբը եղել է «Բենֆիկայի» երիտասարդական թիմը, որտեղ աշխատել է մինչև 1988 թվականը: «Պորտոյում» իր աշխատանքը Ժոզեն սկսել է 1994 թվականին, որպես գլխավոր մարզչի օգնական և թարգմանիչ: Նրա հաջորդ ակումբը կատալոնական «Բարսելոնան» էր, որտեղ օգնում էր Լուի Վան Գալին: Վան Գալը վստահում էր պորտուգալացուն, և երբեմն Մոուրինյոն էր անցկացնում թիմի մարզումները: Երիտասարդ մարզիչը հասկացավ, որ արդեն կարող է լիարժեք աշխատել որպես գլխավոր մարզիչ և 2000 թվականին գլխավորեց պորտուգալական «Բենֆիկան»: Սակայն, այստեղ նրա գործերը այնքան էլ հաջող չընթացան: Ընդամենը 3 ամիս աշխատելուց հետո, Մոուրինյոն տեղափոխվեց պորտուգալական «Լեյրիա»: Չափանիշներով բավականին համեստ ակումբում իրեն հիանալի դրսևորելուց հետո, մարզչի ծառայություններով սկսեց հետաքրքրվել «Պորտոն»:
Ժոզե Մոուրինյոն առաջին անգամ լսեցրեց իր մասին 2004 թվականին, երբ իր գլխավորած ոչ այնքան հայտնի «Պորտոն» հաղթեց «Չեմպիոնների լիգան»: Նման ֆենոմենալ հաջողություններից հետո, պորտուգալացի մասնագետը հիանալի առաջարկ ստացավ Ռոման Աբրամովիչից և տեղափոխվեց Լոնդոնյան «Չելսի»: Մոուրինյոն անգլիական ակումբի հետ հաղթեց բոլոր հնարավոր մրցաշարերում, բացի «Չեմպիոնների լիգայից»: Չնայած հաջող աշխատանքին, 2008 թվականին պորտուգալացի մասնագետը հեռացավ Լոնդոնից: Հաղթելու հերթը «Ինտերինն» էր: Մոուրինյոյի օգնությամբ «ներաաձուրիները» հաղթեցին այն բոլոր մրցաշարերում, որոնցում մասնակցում էին: Զարմանալի չէ, որ Մոուրինյոն ճանաչվեց 2010 թվականի աշխարհի լավագույն մարզիչ: Այսօր Մոուրինյոն մարզում է «Մադրիդի Ռեալը», որը օր-օրի ավելի լավ ֆուտբոլ է ցուցադրում:
Խոսեպ Գվարդիոլան իր մարզչական աշխատանքը սկսել ե «Բարսելոնայի» երիտասարդական թիմում: Երիտասարդական մրցաշարում հիանալի հաղթանակ տանելուց հետո, շատ էր խոսվում այն մասին, որ Գվարդիոլան կարող է գլխավորել «Բարսելոնան»: Այդ ժամանակ կատալոնական ակումբը մարզում էր հոլանդացի մասնագետ Ֆրենկ Ռայկարդը: Նրանք, ովքեր ճանաչել էին Գվարդիոլա ֆուտբոլիստին, վստահ էին, որ նա կարող է իրեն լավ դրսևորել նաև որպես գլխավոր մարզիչ: Ընդամենը անցկացրած մեկ մրցաշրջան և պատրաստ էր մեր օրերի «Բարսելոնան», որը ուղղակի պատմական ֆուտբոլ է ցուցադրում, ինչում մեծ է նաև երիտասարդ մարզչի դերը: Գվարդիոլայի մարզչական կարերան այնքան էլ հարուստ պատմություն չունի, բայց վստահ կարող ենք ասել, որ Պեպը լավագույններց մեկն է իր գործում:
Այս անգամ փորձեցինք ներկայացնել ֆուտբոլային աշխարհի երկու գեներալների և դժվար է առանձնացնել նրանցից մեկին: Գվարդիոլայի թիմը վերջին տարիներին աներևակայելի գեղեցիկ ու արդյունավետ ֆուտբոլ է ցուցադրում, իսկ Մոուրինյոն այն մարզիչն է, ով գիտի, թե ինչպես կարելի է արժանի դիմադրություն ցույց տալ նույնիսկ այդպիսի թիմերի: