Լուկա Մոդրիչ. անհրաժեշտ համալրում, թե՞ տարբերակ "B" Ռեալի համար
|
Տրանսֆերային պատուհանի վերջին օրերին եվրոպական ակումբներ կազմերում տեղի են ունենում իրադարձային փոփոխություններ: Մասնավորապես օրեր առաջ Տոտենհեմից Ռեալ տեղափոխվեց Խորվաթիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը: Ի՞նչ կարող է տալ խորվաթը Ռեալին և որքանո՞վ կնապաստի ակումբին մեկնարկային ճգնաժամից դուրս գալու համար դեռևս պարզ չէ, սակայն այդ ամենը պարզելու համար փորձենք հասկանալ ձեռքբերման նպատակը և Մոդրիչի խաղային կարևորագույն հատկանիշները, որի համար Ռեալը Տոտենհեմին վճարեց 33 մլն ֆունտ ստեռլինգ:
Ռեալը Իսպանիայի առաջնության նոր մրցաշրջանը մեղմ ասած մեկնարկել է չեմպիոնին ոչ հարիր կերպով և արդեն շատերը շտապում են "երկաթբետոնե" ենթադրություններ անել առաջին երկու խաղերից հետո: Քննադատական ալիքը նաև նոր թափ ստացավ Իսպանիայի սուպերագավաթի առաջին խաղում Բարսելոնայից կրած պարտությունից հետ: Մի կողմից փաստ է, որ Ռեալը չի գտնվում այն մարզավիճակում, որը անհրաժեշտ է հաջող հանդես գալու համար, սակայն մի կողմից էլ այդ հանգամանքը արադարացի է նրանով, որ թիմի հիմնական կազմի 7 ֆուտբոլիստներ բազմաթիվ հանդիպումներ են անցկացրել Եվրո 2012-ի շրջանակներում, որից 5-ը հանդիսանում են Եվրոպայի չեմպիոններ և պարզ է, որ նրանք դեռևս լիովին չեն հանգստացել բուռն մրցաշրջանից հետո: Զարմանալի չէ, որ թիմում մոտիվացիա առաջացնելու համար Մոուրինյոին պետք է ավելի թարմ և հաղթանակների ծարավ նոր մարդ:
Նման անձնավորություն կարող է հանդիսանալ հենց Լուկա Մոդրիչի պես հիանալի ֆուտբոլիստը: Ժամանակի ընթացքում նա հավանաբար կդասվի խորվաթական ֆուտբոլի մեծագույն ֆուտբոլիստների շարքում, ինչպիսիք էին օրինակ` Բոբանը կամ Պրոսինեչկին: Սակայն դեռևս Մոդրիչը 26 տարեկան է և նրա կարիերայում դեռևս չկան մեծ հաղթականեր:
Ռեալի հիմնական կազմում նրա տեղը երաշխավորված չէ և դեռևս Մոդրիչը "արքայական" կոլեկտիվում ապացուցելու շատ բան ունի: Ներկայումս ֆուտբոլիստ գտնվում է լավ մարզավիճակում և Ռեալի տեղափոխվելու համար սրանից ավելի հարմար պահ դժվար, թե լիներ Մոդրիչի համար:
Հետաքրքիր է, որ Մոդրիչը իր խաղաոճով նման է Նուրի Շահինին, այսինքն խաղադաշտի կենտրոնում կարգավորում է թիմի խաղը, կարող է կատարել երկար փոխանցումներ և հոյակապ գործել անհատական մենամարտերում: Անգլիայում բացի այդ հատկանիշներից Մոդրիչը նաև ձեռք բերեց ևս մի քանի կարևոր խաղային հատկանիշներ: Որոնցից գլխավոր իհարկե լայնածավալ սպեկտրի կիսապաշտպան դառնալն էր: Բացի այդ նա սովորեց անհատական հսկողություն սահմանել մրցակից թիմերի խաղացողների նկատմամբ: Իր խաղային դիրքով և բազային հատկություններով Ռեալի հիմնական կազմում տեղ զբաղեցնոլու համար նա միանշանակ կդառնա Մեսութ Օզիլի գլխավոր մրցակիցը, եթե իհարկե խաղերի ժամանակ նա չդառնա ավելացում, երբ պետք է հագեցնել կենտրոնական գոտին:
Բացի այդ նա հաջողությամբ կարող է փոխարինել հենակետային դիրքում տեղ զբաղեցրած ֆուտբոլիստներին: Օրինակ, եթե ինչ-որ բան պատահի Ալոնսոյի հետ, ապա Խեդրիան հենակետային զույգ կարող է կազմել հենց Մոդրիչի հետ: Այդ տարբերակը ավելի իրական է դառնում, քանի որ խոսակցություններ կան, որ թիմի հենակետային կիսապաշտպաններից` Դիարան մոտակա ժամանակում հեռանալու է թիմից: Եվ քանի, որ Շահին էլ արդեն տեղափոխվել է "Լիվերպուլ" , ապա պարզ է դառնում, որ Մոդրիչին հիմնական կազմում ընդգրկվելու համար հիանալի շանս է ընձեռվում: Տեսականորեն նա կարողանում է հանդես գալ տարբեր դիրքերում ` խաղադաշտի կենտրոնում, ենթահարձակվողի գոտում ինչպես նաև ձախ եզրում` չնայած, որ այդ դիրքում հանդես է գալիս Ռոնալդուն:
Զարմանալի է միայն, այն փաստը, որ ֆուտբոլիստին Ռեալը կարողացավ ձեռք բերել տրանսֆերային պատուհանի վերջին օրերին: Այդ պատճառով խորվաթը թիմի կազմում բաց թողեց մրցաշրջանի նախապատրաստական փուլը: Այդուհանդերձ տաղանդը մնում է տաղանդ, բացի այդ էլ Մոդրիչին կօգնի նոր մոտիվացիան, քանի որ նա միշտ երազել է հանդես գալ "Ռեալի" կազմում և ձգտել է մեծ հաղթանակների:
Մոդրիչը նաև իր բնույթով առաջատար ֆուտբոլիստ է և նրա համար գլխավորը թիմային խաղն է: Կկարողանա արդյո՞ք իրեն Մադրիդում դրսևորել Մոդրիչը, թե՞ ոչ. այս ամենի մասին կիմանանք արդեն տարվա վերջում, քանի որ ադապտացիայի համար նրան ժամանակ հավանաբար չեն հատկացնի:
|